Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Kings 19

:
Armenian - NEA
1 Երբ Եզեկիա արքան լսեց այս, պատառոտեց իր հանդերձները, քուրձ հագավ ու մտավ Տիրոջ տունը։
2 Նա Եղիակիմ հազարապետին, Սոմնաս դպրապետին և քահանաներից ծերերին քուրձ հագած ուղարկեց Ամովսի որդի Եսայի մարգարեի մոտ,
3 որոնք նրան ասացին. «Այսպես է ասում Եզեկիան. “Այս օրը նեղության, կշտամբանքների ու բարկության օր է, որովհետև երեխաները մոտ են ծնվելու, սակայն մայրերն ուժ չունեն ծննդաբերելու։
4 Թերևս Տերը՝ քո Աստվածը, լսեց Ռափսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի արքան է ուղարկել, որպեսզի անարգի Կենդանի Աստծուն և խոսքերով հայհոյի։ Այդ բոլորը լսելով՝ Տերը՝ քո Աստվածը, կպատժի՞ նրան։ Դու աղոթի՛ր կենդանի մնացողներիս համար”»։
5 Եզեկիա արքայի ծառաները եկան Եսայի մարգարեի մոտ.
6 Եսային նրանց ասաց. «Այսպե՛ս ասեք ձեր տիրոջը. այս է ասում Տերը. “Մի՛ վախեցիր քո լսած այն խոսքերից, որոնցով Ասորեստանի արքայի ծառաները հայհոյեցին ինձ։
7 Ես նրան այնպիսի մի ոգի կներշնչեմ, որ նա, մի գույժ լսելով, իր երկիրը կվերադառնա, և ես սրով նրան կոչնչացնեմ իր երկրում”»։
8 Ռափսակը լսեց, որ Ասորեստանի արքան վերադարձել է Լաքիսից և Ղոբնայի դեմ պատերազմի մեջ է, և գնաց այնտեղ նրան հանդիպելու։
9 Իրապես արքան լսել էր, որ եթովպացիների արքա Թարական ելել էր իր դեմ պատերազմելու։ Նա դարձյալ դեսպաններ ուղարկեց Եզեկիային՝ ասելով. «Այսպե՛ս ասեք Հուդայի արքա Եզեկիային.
10 “Թող քո Աստվածը, որին ապավինել ես, քեզ չամբարտավանացնի՝ մտածելով, թե Երուսաղեմն Ասորեստանի արքայի ձեռքը չի մատնվի։
11 Դու ինքդ լսել ես, թե ինչպես Ասորեստանի արքաները կործանել են բազմաթիվ երկրներ, իսկ դու պիտի փրկվե՞ս։
12 Մի՞թե ազգերի աստվածները փրկեցին Գոզանի, Քառանի, Ռափաթի մարդկանց, ծովեզերքի մոտ բնակվող Եդեմի որդիներին, որոնց ոչնչացրին իմ նախնիները։
13 Որտե՞ղ են Եմաթի արքան, Արփաթի արքան, Սեփփարուիմ քաղաքի, Անայի ու Ավայի արքան”»։
14 Եզեկիան հրովարտակները վերցրեց դեսպանների ձեռքից, ընթերցեց դրանք, ապա գնաց Տիրոջ տուն և դրանք բաց վիճակում ցույց տվեց Տիրոջը։
15 Եզեկիան, Տիրոջն աղոթելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, դու, որ նստած ես քերովբեների վրա, աշխարհի բոլոր թագավորությունների մեջ միայն դո՛ւ ես Աստված, դո՛ւ ես ստեղծել երկինքն ու երկիրը։
16 Տե՛ր, ակա՛նջ դիր ու լսի՛ր, բա՛ց աչքերդ ու տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խոսքերը, որ մարդ էր ուղարկել՝ նախատելու Կենդանի Աստծուն։
17 Արդարև, Տե՛ր, Ասորեստանի թագավորներն ազգեր ու երկրներ ոչնչացրին,
18 հրի մատնեցին նրանց աստվածներին, որոնք աստվածներ չէին, այլ իրեր, որ փայտից ու քարից պատրաստված էին մարդկանց ձեռքով, և ոչնչացրին դրանց։
19 Արդ, Տե՛ր Աստված մեր, փրկի՛ր մեզ նրանց ձեռքից, թող աշխարհի բոլոր թագավորություններն իմանան, որ դո՛ւ՝ Տերդ ես միակ Աստվածը»։
20 Ամոզի որդի Եսային մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ և ասաց. «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասորեստանի Սենեքերիմ արքայի մասին ինձ ուղղած աղոթքդ լսեցի։
21 Նրան ուղղված Տիրոջ խոսքն այս է. Արհամարհեց, անգոսնեց քեզ կույսը՝ Սիոնի դուստրը, Երուսաղեմի դուստրը ծաղրեց քեզ՝ շարժելով իր գլուխը։
22 Ո՞ւմ նախատեցիր ու հայհոյեցիր, ո՞ւմ վրա նախատալից ձայնդ բարձրացրիր, և հայացքդ հառեցիր։ Իսրայելի սուրբի՞ վրա։
23 Դեսպաններիդ միջոցով Տիրոջը կշտամբեցիր՝ ասելով. “Իմ բազմաթիվ կառքերով ես ելա լեռների բարձունքները, մինչև Լիբանանի ծայրամասերը, տապալեցի նրա ամենաբարձր եղևնիներն ու ընտիր նոճիները, հասա եզրը Կարմելոսի անտառի,
24 պահպանեցի և խմեցի օտար ջրեր, իմ ոտքի թաթով ցամաքեցրի ջրառատ գետեր”։
25 Մի՞թե չես լսել հեռվից այն, ինչ արել եմ հին ժամանակներից, ձևավորեցի այն ու իրականացրի, և ամուր քաղաքները պատերազմելով գերեվարողների համար հպարտություն եղան։
26 Այնտեղ բնակվող մարդիկ տկարացան ու զարհուրեցին, ամաչեցին ու դարձան վայրի խոտի նման, դալար բանջարի, տանիքին բուսած խոտի և ամեն հասնողի ոտքի կոխան։
27 Արդ ես գիտեմ, թե դու երբ ես նստում, երբ ես վեր կենում, երբ ես մտնում ու ելնում.
28 գիտեմ նաև քո զայրույթն իմ դեմ։ Քո խռովքը հասել է ականջիս։ Ես կարթ կգցեմ քո քթին, սանձ կդնեմ քո կզակին, քեզ հետ կուղարկեմ այն ճանապարհով, որով եկել ես։
29 Սա է քեզ համար նշան լինելու. այս տարի կուտես ինքնաբույս ցորենը, երկրորդ տարին կուտես, ինչ որ նույնից կբուսնի։ Երրորդ տարին կցանեք ու կհնձեք, խաղողի այգիներ կտնկեք և դրանց բերքը կուտեք։
30 Հուդայի երկրում կենդանի մնացածները բազմանալու են, ներքևից արմատ են արձակելու, վերևից պտուղ են տալու,
31 քանզի Երուսաղեմից են ելնելու կենդանի մնացածները, և Սիոն լեռից՝ փրկվածները։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է դա ի կատար ածելու։
32 Դրա համար այսպես է ասում Տերն Ասորեստանի արքային. “Չի մտնի այս քաղաքը, այնտեղ նետեր չի արձակի, քաղաքը չի պաշարի վահաններով, նրա շուրջ հողաթումբ չի կանգնեցնի,
33 հետ կգնա այն ճանապարհով, որով եկել էր, և այս քաղաքը չի մտնի”։ Այսպես է ասում Տերը.
34 “Այս քաղաքը պիտի հովանավորեմ, որպեսզի այն ազատեմ հանուն ինձ ու իմ ծառա Դավթի”»։
35 Երբ որ գիշերը վրա հասավ, Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Երբ առավոտ կանուխ վերապրողները ելան, տեսան, որ բոլորը մեռել են։
36 Ասորեստանի Սենեքերիմ արքան ելավ գնաց, բնակվեց Նինվեում։
37 Եվ մինչ նա երկրպագում էր իր Նեսրաք աստծու տանը, նրա որդիներ Ադրամելեքն ու Սարասարը նրան սրով հարվածեցին և Արարատի երկիրը փախան։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Ասորդանը։